Առավոտյան օգտակար համարվող սովորություններ, որոնք իրականում վտանգավոր են

 Առավոտյան օգտակար համարվող սովորություններ, որոնք իրականում վտանգավոր են

Օրվա ճիշտ սկիզբը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, ուստի օրը դրական լիցքերով սկսելու համար մարդիկ հաճախ այս կամ այն հաճելի գործողությունը դարձնում են առավոտյան սովորություն։ Շատերն իրենց օրը չեն պատկերացնում առանց առավոտյան սուրճի կամ թեյի, իսկ ոմանք էլ գերադասում են օրն անմիջապես ակտիվ մարզումներով սկսել, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ երբեմն անգամ օգտակար համարվող սովորությունները կարող են վտանգավոր լինել։

Բրիտանացի բժիշկ Միրիամ Ստոպարդը The Mirror պարբերականի հետ զրույցում նշել է այն գործողությունները, որոնցից առավոտյան ժամերին ցանկալի է խուսափել։ Մասնագետի խոսքով՝ առաջին հերթին սա վերաբերում է արթնանալուն պես սուրճ խմելու սովորությանը, քանի որ առավոտյան դատարկ ստամոքսին սուրճ խմելը խանգարում է նյութափոխանակությունն ու արյան մեջ շաքարի նորմալ մակարդակը։

Վնասակար կարող է լինել նաև առավոտյան մարմնամարզությունը, ուստի արթնանալուն պես վարժություններ անելու սովորությունից ևս հարկավոր է հրաժարվել։ Մասնագետը խորհուրդ է տալիս մարմնին մի փոքր ժամանակ տալ արթնանալու համար, որից հետո միայն անցնել ֆիզիկական ակտիվությանը, քանի որ հակառակ դեպքում վարժություններն ավելի շատ վնասակար կլինեն, քան օգտակար։

Ավելին՝ շատերը գերադասում են մարզվել դատարկ ստամոքսին, մինչդեռ մասնագետը խորհուրդ է տալիս առաջին հերթին նախաճաշել, որից հետո միայն անցնել մարզումներին։

Բացի այդ, խորհուրդ չի տրվում նաև օրն սկսել մի բաժակ նարնջի հյութով, ինչը նույնպես բավական տարածված սովորություն է։ Շատերն այս ըմպելիքը համարում են անչափ օգտակար, ուստի առավոտյան առաջին հերթին թարմ նարնջի հյութ են խմում, սակայն մասնագետը նախազգուշացնում է, որ այն կարող է հանգեցնել արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացման, ինչն էլ կարող է չափազանց վտանգավոր լինել։

 

tert.am

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ