Այսօր կհանդիպեն ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները. ի՞նչ կքննարկվի

 Այսօր կհանդիպեն ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները. ի՞նչ կքննարկվի

Այսօր՝ հունվարի 14-ին, Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն 2021 թվականի դեկտեմբերի 13-ին հայտարարել էր, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։

Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։ Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի հետ երկխոսության համար թուրքական կողմից հատուկ բանագնաց է նշանակվել փորձառու դիվանագետ, Միացյալ Նահանգներում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ երկխոսություն սկսել առանց նախապայմանների և նույնպիսի մոտեցում է սպասում Թուրքիայից, ինչը թույլ կտա քննարկել Անկարայի կողմից միակողմանի փակված սահմանի բացման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցերը։ Իր հերթին՝ Անկարան ամենաբարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով տարբեր առիթներով խոսել է, թե ինչ ակնկալիքներ ունի Երևանից, դրանով իսկ ըստ էության փաթեթավորելով Երևանին ուղղված Անկարայի նախապայմանները անուղղակի կերպով: Դրանք կարելի է ամփոփել 4 կետով՝

  • Հայաստանի կողմից Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքային ամբողջականությունների ճանաչում,
  • Հայաստանի կողմից Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարում,
  • Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի ստորագրում,
  • Հետպատերազմյան եռակողմ փաստաթղթերի իրագործում, տարածաշրջանային ապաշրջափակում թյուրքական սցենարով՝ այսպես կոչված, Նախիջևանի միջանցքի բացմամբ:

«Մեր տպավորությամբ՝ կողմերի առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Հայկական կողմը նման ցանկություն է հայտնել: Բացի այդ, մենք ցանկանում ենք, որ նախքան այդ հանդիպումը լինեն ուղիղ շփումներ։ Բանագնացները նշանակվել են ուղղակի երկխոսության համար»,- դեկտեմբերի վերջին նշել էր Չավուշօղլուն:

Թուրքիայի ԱԳ նախարարը նշել էր նաև, որ շուտով Հայաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ ավիաչվերթերը կվերսկսվեն։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից օրերս հայտնել էին, որ Flyone Armenia և Pegasus ավիաընկերությունները Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու թույլտվություն են ստացել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն դեռևս դեկտեմբերի վերջին նշել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած ձևաչափով միջնորդական դեր ստանձնել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանն ուղղված երկխոսության գործում:

«Միաժամանակ կարևոր ենք համարում, որ կողմերը հրաժարվեն նախապայմաններից և կենտրոնանան փոխըմբռնելի թեմաների, դեպի վստահության և բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձևավորում տանող փոխադարձ քայլերի վրա»,- ընդգծել էր Ռուդենկոն:

Հատկանշական է, որ բանագնացների առաջի հանդիպումը տեղի է ունենալու թեժ միջազգային օրակարգի պայմաններում, երբ տեղի են ունենում ՌԴ-ԱՄՆ-ՆԱՏՕ-ԵԱՀԿ եռափուլ բարդ բանակցությունները անվտանգության երաշխիքների շուրջ, երբ կայունացման նշաններ է ցույց տալիս ղազախստանյան թնջուկը, և երբ Ալիևը կրկին կոշտացրել է հակահայկական հռետորաբանությունը՝ նոր սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի ուղղությամբ:

168.am-ի մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ սա լինի այս ձևաչափով առաջին և վերջին հանդիպումը Մոսկվայում: Բացի այդ, մեզ հավաստիացրին, որ կողմերը, այս դեպքում՝ Երևանն ու Անկարան, շտապում են դուրս գալ ուղիղ շփումների ու փոխայցելությունների դաշտ՝ փորձելով պահպանել գործընթացի կոնֆիդենցիալությունը ՌԴ-ից:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն պարզաբանեց, թե ինչ կարելի է սպասել նման ձևաչափով առաջին հանդիպումից:

Նրա գնահատմամբ՝ հայ-թուրքական երկխոսությունը չի կարող արագ գործընթաց լինել, չնայած թուրքական կողմը կարող է շտապել, և այդ շտապողականությունը կարելի է բացատրել, քանի որ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածն ամենահարմարն է սովորաբար նման իրավիճակներում բանակցելու և սեփական շահերին համահունչ արդյունքներ ստանալու տեսանկյունից:

Նա մասնավորապես նշեց. «Բացահայտում չեմ անի, եթե ասեմ, որ առաջին հանդիպումը սովորաբար ծանոթագրական բնույթ է ունենում, կողմերը ներկայացնում են իրենց մոտեցումները և քննարկում են ճանապարհային քարտեզ, թե ինչպես է տեղի ունենալու երկխոսությունը, ինչ ժամկետներում, ինչ հարցերի շուրջ, և այլն: Այսինքն՝ կքննարկվի այս երկխոսության ճանապարհային քարտեզը, իսկ հաջորդ հանդիպումները կամ այլ ձևաչափի շփումները կլինեն ավելի առարկայական»:

Սակայն վերլուծաբանը նաև այն մտքին է, դատելով Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների հայտարարություններից, ուղերձներից, կա որոշակի ընկալում կամ ընդհանուր ակնկալիք այս գործընթացից կողմերի մոտ, ինչը երկխոսությունը պակաս խնդրահարույց է դարձնում: «Բայց համաշխարհային քաղաքականությունն այնպիսի բարդ փուլում է, երբ երկխոսությունը կարող է նաև ցնցումներով ընթանալ կամ խափանվել, թեև ընդհանուր առմամբ կա աշխարհաքաղաքական կոնսենսուս այն բանի շուրջ, որ գոնե դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, որը թույլ կտա տարածաշրջանային ենթակառուցվածքները բացել և իրականացնել մեծ պրոյեկտներ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է բուն բանակցային օրակարգին, ապա, Մալաշենկոյի խոսքով, հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող գլխավոր հարցը դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է, որի շուրջ պետք է համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերեն, ինչպես նաև միջանցքների հարցը:

«Մնացած հարցերը, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական երկխոսությանը, պետք է քննարկվեն եռակողմ՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան առանցքում, և այդ մասով Թուրքիան պարզապես կհետևի իրավիճակին՝ հանդես գալով ի օգուտ Ադրբեջանի: Իհարկե, հայ-ադրբեջանական խնդիրները կարող են անդրադառնալ հայ-թուրքական երկխոսության վրա, ինչպես դա ավանդաբար եղել է»,- ասաց վերլուծաբանը:

168.am

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ