Ինչու՞ եք ուշացրել զորահավաքը, ինչո՞ւ չի կատարվել նախահարձակ գործողություն, ինչու՞ ընկավ Շուշին

 Ինչու՞ եք ուշացրել զորահավաքը, ինչո՞ւ չի կատարվել նախահարձակ գործողություն, ինչու՞ ընկավ Շուշին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ընթացքում հնչեցրել է մոտեցումներ, որոնք հիմնովին հակասում են Արցախի հայերի կյանքի, անվտանգ ապրելու և այլ իրավունքներին ու պարարտ հող են ստեղծում ադրբեջանական խախտումների համար: Այսօր Փաշինյանը գրառմամբ անդրադարձել է իր իսկ հնչեցրած մտքերին, դրանց համար ներողություն չի խնդրել, ավելին՝ պնդել է, թե նախկիններն են մեղավոր, ինքը դրա դեմ փորձել է պայքարել ու արդյունքում, պատերազմ է սկսվել։

Ֆեյսբույքան օգտատեր Մխիթար Հարությունյանը Փաշինյանին պատերազմի մասին հարցեր է ուղղել, որոնց պատասխանները մեկ տարուց ավելի է ոչ ոք չի ստացել։

Մասնավորապես, քաղաքացին հետաքրքրվել է՝ ինչու՞ է Հայաստանն ուշացրել զորահավաքը, այն դեպքում, երբ թշնամին զորահավաք է սկսել 2020թ֊ի հուլիսին, զորակոչելով առնվազն 200 000 լրացուցիչ զորք։ Հարությունյանը պնդում է՝ դա չէր կարող չնկատվել մեր հատուկ ծառայությունների կողմից։ Ի պատասխան պետք էր Հայաստանում էլ զորահավաք հայտարարել։

«Ինչու՞ է Հայաստան ուշացրել զորահավաքն անգամ այն բանից հետո, երբ թշնամին մեծաքանակ կուտակումներ է սկսել 2020թ֊ի օգոստոսի 1֊ից 15֊ն ընկած ժամանականհատվածում։ Այսինքն նկատելով և՛ զորահավաքը, և՛ կուտակումները, մենք ոչինչ չենք ձեռնարկել»։ Հարությունյանը հետաքրքրվել է նաև, թե ինչու՞ թշնամու կուտակումներին ի պատասխան Հայաստանը չի կատարել ամրաշինական աշխատանքներ գոնե Թալիշ֊Մատաղիս և Ջաբրայիլ֊Ֆիզուլի ամենավտանգավոր հատվածներում։

«Բնականաբար թշնամին այդ 2 թևերից մեկով էր գլխավոր ճեղքումն իրականացնելու։ Ապրիլյան քառօրյան էլ է վկայում այդ մասին։ Ինչու՞ Հայաստանը չի կատարել ամրաշինական աշխատանքներ 2֊րդ ու 3֊րդ գծեր կառուցելու համար, այն դեպքում, երբ օգոստոսի սկզբին զորահավաք հայտարարելու դեպքում 20 000 պահեստազորայինի միջոցով 15֊20 օրում կարելի էր միաժամանակ և 2֊րդ և՛ 3֊րդ պաշտպանական գծեր կառուցել, ծախսելով ոչ ավելի քան 30 միլիոն դոլլար»։

Քաղաքացին հարցրել է նաև, թե ինչու՞ պատերազմի ժամանակ չեն փակվել Արցախից դուրս եկող ճանապարհները, որի արդյունքում Արցախի պահեստզորի կեսից ավելին փախել է Արցախից։ Նաև, թե ինչու՞ պատերազմի ժամանակ ճակատի որևէ հատվածից չի կատարվել նախահարձակ գործողություն, թշնամուն թույլ չտալու համար կուտակումներ իրականացնել։ Ինչու՞ չի մշակվել ու իրականացվել հատուկ հարձակողական գործողություն Քարվաճառի իշխող բարձունքներից։

«Օրինակ Դագ֊Թագը ազատագրելու և պահելու դեպքում թշնամին նահանջելու էր առնվազն ևս 5֊6 դիրքերից նահանջելու էր 5֊10կմ դեպի հյուսիս, դուրս մղվելով Մռավի լեռնաշղթայից։ Ինչու՞ Հայաստանում զորահավաքը դիտավորյալ ուշացավ 2 ամիս։ Անհնար է, որ պետությունը թշնամու կողմից հարձակման նախապատրաստվելու մասին իմանա հենց հարձակման օրը։ Ուշացրել ուշացրել էիք, գոնե ձևական հարձակումից մի 5֊6 օր շուտ զորահավաք սկսեիք։ Ինչու՞ հենց սեպտեմբերի 27֊ին»։

Հարցերից մեկն էլ կրկին վերաբերում է զորահավաքին, թե ինչու՞ Հայաստանում զորահավաքը դադարեցվեց 3 օր անց, այն դեպքում, երբ արդեն պատերազմի 2֊րդ կեսում կար մարդուժի կարիք և թե ինչու՞ թշնամու նավթամուղներին ու գազամուղներին չենք հարվածել։

« Ինչու՞ 44 օրվա ընթացքում բավարար թվով նոր ՀՕՊ համակարգեր ձեռք չենք բերել, ինչի արդյունքում թշնամին օդային գերակայությամբ ճնշեց մեզ։ Ինչու՞ ընկավ Շուշին։ Շուշին պատմության մեջ ոչ ոք զենքով գրավել չի կարողացել։Շուշին միշտ դավաճանությամբ է ընկել։ Անգամ 1992թ֊ին Շուշիի ազատագրումից 1 ամիս հետո մենք կորցրեցինք ամբողջ Շահումյանի շրջանը, ինչը հիմք է տալիս կարծել, որ եղել է նախնական պայմանավորվածություն կռվով փոխարինել Շուշին Շահումյանի հետ։

Ինչու՞ պատերազմը դադարեցվեց ձմռան նախաշեմին, երբ 1 ամիս անց ամբողջ Սյունիքը, Մռավի լեռները, Քարվաճառն ու Բերձորը ձյունով էին պատվելու և այդ հատվածներում թշնամին չէր կարող լուրջ հարձակողական գործողություններ կատարել։ Կարելի էր ձմռանը հյուծել թշնամու ուժերը և մինչև գարուն ոչինչ չզիջելով, գարնանն անցնել որոշիչ հակահարձակման»,- գրել է օգտատերը։

Աղբյուր` Փաստինֆո

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ