Ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք․ Փաշինյանի խոսքը՝ եռակողմ հանդիպմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք․ Փաշինյանի խոսքը՝ եռակողմ հանդիպմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հիշեցրել է Ադրբեջանի կողմի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու մասին։ Փաշինյանն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմից հետո իրավիճակն այնքան էլ կայուն չէ, որքան էլ ցանկալի լինի։

«Անցյալ տարվա նոյեմբերի 9-ից հետո երկու կողմից մի քանի տասնյակ մարդ է զոհվել, միջադեպեր են տեղի ունենում նաև Լեռնային Ղարաբաղում, մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ունենք ճգնաժամային իրավիճակ։ Մեր գնահատականն այն է, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք»,- հայտարարել է ՀՀ վարչապետը՝ նշելով, որ չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի եղել սահմանազատում ու սահմանագծում, սակայն պետական սահմանն առկա է և այնտեղ, որտեղ տեղակայված են Ադրբեջանի Զինված ուժերը, ՀՀ ինքնիշխան տարածքն է։ Նիկոլ Փաշինյանը նաև չի համաձայնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարության հետ, թե եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթներն ի կատար են ածվել՝ բացի հաղորդակցությունների ապաշրջափակումից։ Դիմելով Պուտինին՝ Փաշինյանը հայտարարել է․

«Մենք և՛ դեմ առ դեմ, և՛ հեռախոսազրույնցների ժամանակ խոսել ենք այն մասին, որ առկա է ռազմագերիների ու այլ պահվող անձանց խնդիրը, որը շատ կարևոր մարդասիրական խնդիր է։ Սակայն կարծում եմ, որ մենք այսօր հանդիպել ենք ոչ թե միայն խնդիրները բարձրացնելու, այլ նաև դրանց լուծումները քննարկելու համար»։ Նա նշել է, որ հայկական կողմը ևս բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է սկսել սահմանագծման ու սահմանազատման գործընթացը։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ տարածքային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը ևս շատ կարևոր է Հայաստանի համար, և Երևանը շահագրգռված է այդ խնդիրները լուծելու հարցում։ ՀՀ վարչապետը նաև հույս է հայտնել, որ այսօրվա քննարկումների ժամանակ անդրադարձ կլինի նաև ԼՂ հակամարտության կարգավորմանը։ «Իհարկե, մենք շահագրգռված ենք խաղաղ կարգավորմանը։ Մենք կարծում ենք, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում»,- ասել է Փաշինյանը։

Ընդ որում, ըստ նրա՝ շատ հարցեր կարելի է լուծել ինչպես եռակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափով։ «Սպասվում են նաև ուղիղ կապեր Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնատար անձանց միջև։ Նման դրական նրբությունները ևս անհրաժեշտ է ընդգծել»,- նշել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

© factor.am

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ