«Ամսի 7-ին վերջին անգամ խոսեց, ասեց՝ մամա՛, ինձ համար շատ աղոթի»․ 20-ամյա Նվերը զոհվել է հրադադարից մեկ օր առաջ

 «Ամսի 7-ին վերջին անգամ խոսեց, ասեց՝ մամա՛, ինձ համար շատ աղոթի»․ 20-ամյա Նվերը զոհվել է հրադադարից մեկ օր առաջ

MediaLab.am-ը գրում է․

«Ամսի 7-ին վերջին անգամ խոսեց, ասեց՝ մամա՛, ինձ համար շատ աղոթի… Իրա էդ խոսքերը ինձ ահավոր ցավ են պատճառում»,- հուզմունքով ասում է 43-ամյա Թամարա Սարդարյանը, որը 44-օրյա պատերազմի ընթացքում կորցրել է 20-ամյա որդուն։

Նվեր Չոբանյանը 43 օր պայքար է մղել հակառակորդի դեմ՝ եղել է Հադրութում, Մատաղիսում, Մարտունի 2-ում։

43 օրվա պայքարի ընթացքում Նվերը ընտանիքին մշտապես ասում էր, որ ամեն ինչ լավ է, որ ընտանիքի անդամները չանհանգստանան, մինչդեռ Նվերը կռվում էր ամենաթեժ կետերում։

Զանգին հաջորդող օրը՝ նոյեմբերի 8-ին, Նվեր Չոբանյանը զոհվում է Մարտունի 2-ում։

Որդուց լուր չունենալուց հետո Չոբանյանների ընտանիքը սկսում է անհանգստանալ և փնտրել Նվերին։

«Երկու օր լուր չունեցանք, խառնվեցինք, զանգել եմ հրամանատարին, աֆիցերին, տղաս ընկած հիվանդանոցներում ման էր գալիս, ամուսինս էդ ընթացքում Ռուսաստանում էր, մինչև ամսի 12-ը նորություն չունեինք։

Ամսի 12-ին ինձ զանգեցին, ասեցին՝ Նվեր Չոբանյան անունով մարդ ունե՞ք, ասեցի՝ այո՛, սիրտս էդ պահին գցեց։ Ասեցին՝ տանը ձեզնից բացի տղամարդ կա՞, ասեցի՝ ես Նվերի մայրիկն եմ, ինձ ուղիղ ասեք, ասեց՝ ձեր տղան զոհվել ա»,- կսկիծով պատմում է որդեկորույս մայրը։

Նվերին հուղարկավորում են նոյեմբերի 16-ին՝ իր ծննդյան օրը։ «Դա կրկնակի ցավ էր ինձ համար։ Այս տարի ամսի 16-ին և՛ մահվան տարելիցն էր, և՛ իր 20-ամյակը»,- ասում է Թամարան ու կրկին հուզվում։

Մոր խոսքով՝ որդին բնավորությամբ շատ բարի, հոգատար ու ուշադիր էր․ «Շատ յուրահատուկ տղա է, ներկայով եմ իր մասին խոսում, կզանգեր՝ մամա՛ ջան, հո ճնշումդ չի՞ բարձրանում, մամա՛ ջան, հո մեջքդ չի՞ ցավում, ո՞նց են տատիկ- պապիկը, շատ ջիգյարով էր։ Ինքը չէր ասում, որ պատերազմի թեժ կետերում ա, ինքը իրա մասին մտածելու փոխարեն մեր մասին էր մտածում»։

Նվեր Չոբանյանը սովորել է պոլիտեխնիկի Վանաձորի մասնաճյուղում՝ ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում բաժնում։ Մայրն ասում է՝ տղան բանակից պետք է գար, ուսումը շարունակեր։ «Մի ամիս էր մնում, որ ավարտեր ուսումը, դիպլոմ ստանար, կիսատ մնաց։ Շատ պլաններ ուներ տղաս՝ ասում էր գամ, սովորեմ, աշխատեմ, տունը վերանորոգեմ, չհասցրեց»։

Թամարան ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքի գույները խամրել են։

«Իմ կյանքի գույները խավարել են, գույներ չունեմ, իմ մեջքը կոտրվել ա»,- ասում է մայրը։

Թամարան ասում է, որ կյանքը շատ է փոխվել, ապրել շարունակելու համար ուժ են տալիս 13 և 22-ամյա մյուս երկու որդիները։

«Ինձ իմ մեծ տղեն ասում ա՝ դու հպարտ ման արի, քո տղային փողոցում չեն խփել, դանակով չեն խփել, չի գնացել վթարի ենթարկվել, հայրենիքն ա պաշտպանել, ինձ իմ որդիներն են պահում։

Աշխատում եմ, որ իմ որդիները արցունքներս չտեսնեն, իրանք էլ մեղք են»,- կսկիծով ասում է Թամարան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ