Ադրբեջանցիները փորձել են Բաղրամյան փողոցից դեպի օդանավակայան մեծ քանակի տաքսիներ պատվիրել. Yandex Taxi ծառայությունը հաստատում է

 Ադրբեջանցիները փորձել են Բաղրամյան փողոցից դեպի օդանավակայան մեծ քանակի տաքսիներ պատվիրել. Yandex Taxi ծառայությունը հաստատում է

Երեկ՝ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի ֆոնին, ակտիվացել էին նաեւ ՀՀ-ում գործող «Յանդեքս» տաքսի ծառայությանը կեղծ պատվերներ ուղարկող ադրբեջանցիները: Բանն այն է, որ աշխարհի տարբեր կետերում ապրող ադրբեջանցիները, միավորվելով տելեգրամյան ալիքների տարբեր խմբերում, փորձել էին զանգվածային կեղծ պատվերների միջոցով կաթվածահար անել Երևան քաղաքի երթեւեկությունը:

Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց նաև «Յանդեքս» տաքսի ծառայության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը՝ նշելով, որ այդ հարձակումները որեւէ կերպ չեն ազդել ծառայության աշխատանքի վրա, քանի որ կանխվել են նախքան պատվերի ընդունումը:

«Երեկ իմացանք, որ ադրբեջանցիները պատրաստվում են Բաղրամյան պողոտայից դեպի «Զվարթնոց» օդանավակայան մեծ քանակի ավտոմեքենաներ պատվիրել եւ կաթվածահար անել երթեւեկությունը: Անմիջապես կիրառել ենք անվտանգային չափորոշիչները, և դրա արդյունքում ոչինչ տեղի չի ունեցել»,- ասաց Գասպարյանը:

Չցանկանալով շատ փակագծեր բացել՝ տաքսի ծառայության տարածաշրջանային ղեկավարը նկատեց՝ մի քանի հանգամանք կա, որոնց համադրումը բերում է այդ չափորոշիչների խստացմանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում «Յանդեքս» ծառայություն չկա, բայց, անկախ դրանից, նրանք այնտեղ էլ կարող են ներբեռնել հավելվածն ու կեղծ սկզբնակետ նշելով՝ պատվեր կատարել՝ մոլորեցնելով վարորդին. «Մյուս կողմից էլ, քանի որ «Յանդեքսը միջազգային հավելված է, և օգտվում են նաև այն ադրբեջանցիները, որոնք ապրում են աշխարհի տարբեր երկրներում»:

Ըստ Գասպարյանի՝ իրենց մեխանիզմների կիրառումն օգտագործվում է ոչ միայն Ադրբեջանից ստացվող պատվերները սահմանափակելուն, այլ աշխարհի տարբեր երկրներից:

Ծառայության տարածաշրջանային տնօրենի խոսքով՝ ադրբեջանցիների՝ կեղծ պատվերներ իրականացնելու փորձերի ակտիվացման առաջին դեպքը չէ սա. սահմանային լարվածության ժամանակ նրանք տարբեր տեղեկատվական արշավներից զատ, իրականացնում են նաև այս արշավը.

«Նման հարձակումներ հաճախ են տեղի ունենում, ամենաինտենսիվը 44-օրյա պատերազմի օրերին է եղել: Դեռեւս այդ ժամանակներից մենք ստեղծեցինք ալգորիթմային անվտանգության այնպիսի չափորոշիչներ, որոնք կանխում են նման հարձակումները: Հետագայում դրանք կրկնվում էին, սակայն ոչ այն ինտենսիվությամբ, ինչ պատերազմի օրերին էր»,- ասաց նա:

Այն, թե քանի՞ անձ է աշխատում այդ ուղղությամբ, այսինքն՝ միաժամանակ քանի՞ կեղծ պատվեր են փորձում իրականացնել, Գասպարյանը դժվարացավ նշել՝ պարզաբանելով՝ դա հնարավոր չէ ասել, քանի որ ընկերությունը կանխարգելիչ միջոցառում է իրականացնում, այսինքն՝ գործը պատվերի չհասած՝ արգելում են դրա տեղի ունենալը, որպեսզի ծրագրի խափանման խնդիրներ եւս չառաջանան:

«Առհասարակ, երբ նկատում ենք, որ, օրինակ, մի քանի հարթակում պատվեր է իրականացվում միեւնույն մեթոդաբանությամբ, կիրառում ենք ավելի խիստ անվտանգության մեթոդաբանություն: Որպես կանոն՝ դրանք չեն հասցնում գերազանցել նույնիսկ 5 դեպքը»,- եզրափակեց Ավետիս Գասպարյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով էլ՝ ադրբեջանցիները նմանատիպ փորձ արել են ոչ միայն տաքսի ծառայությունների, այլ նաեւ սննդի առաքման կետերի դեպքում:

«Մոտ 2 շաբաթ առաջ էլ նման ալիք էր սկսվել, այսպիսի նախաձեռնություններն իրենք հիմնականում կոորդինացնում են տելեգրամյան ալիքներով: Բայց այս անգամ մեր այստեղի ծառայությունները, աչքի առաջ ունենալով նախորդ անգամների փորձը, նախապես զգոն էին եղել եւ արգելափակել ամեն ինչ»,- ասաց Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ռուսաստանյան սփյուռքն է հիմնականում տելեգրամյան ալիք կարդում՝ ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական: «Իրենք միմյանց կարդում են, միմյանց հետ վիճում, միմյանց պատասխանում. առանձին մի այլ աշխարհ է տելեգրամը այնտեղ»,- ասաց Մարտիրոսյանը:

Աղբյուր` armtimes.com

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ