Ինչո՞ւ է ԱԱԾ-ն փորձաքննության տվել Դավիթ Տոնոյանին նվիրված զենքերը

 Ինչո՞ւ է ԱԱԾ-ն փորձաքննության տվել Դավիթ Տոնոյանին նվիրված զենքերը

Մենք տեղյակ էինք, որ ԱԱԾ-ն տարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տան զենքերը, որոնք նա նվիրատվություն էր ստացել, սակայն, որ դրանք փորձաքննության է տրվել տեղեկացել ենք մամուլից: Այս մասին ասաց Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

«Զենքերը խուզարկության ժամանակ են վերցվել, բայց դրանց վերաբերյալ փորձաքննություն նշանակելու մասին մեզ չեն տեղեկացրել»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց՝ այս պահին նոր գործողություններ չեն կատարվում. «Քայլեր արդեն ձեռնարկվել են, սակայն սպասում ենք դրանց վերաբերյալ պատասխաններին, դրանց մասին բարձրաձայնելու ու հետագա գործողությունների համար»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Տոնոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ այն համարելով անհիմն:

Մենք փորձեցինք ԱԱԾ-ից պարզել, թե ի՞նչ նպատակով են փորձաքննության տրվել Տոնոյանի զենքերը, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Նշենք, որ տևական ժամանակ է՝ Դավիթ Տոնոյանի զենքերը չեն վերադարձվում:

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախկին (2018-2020) նախարար Դավիթ Տոնոյանն անցնում է բանակին անպիտան հրթիռներ գնելու քրեական գործով: Նա և ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո), ըստ ԱԱԾ հաղորդագրության, կասկածվում են ավելի քան 2,2 միլիարդ դրամ հափշտակելու, կեղծիքներ կատարելու համար:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ