Խաչատուր Սուքիասյանի երազը

 Խաչատուր Սուքիասյանի երազը

Կաբինետում նստած՝ երանությամբ նայում է Նիկոլ Փաշինյանի լուսանկարին (հո չե՞ն ասել, որ միայն ԱԺ կաբինետի պատից պիտի կախել, տանն է՛լ կաբինետ ունի, չէ՞) ու մտածում բիզնեսների մասին։ Ամեն ինչ լավ է։ Մատենադարանի երկրորդ հարկում խինկալանոցի թույլտվությունը տվել են, հայկական առաջին տիեզերանավի զապչաստի մրցույթը շահել է, Զանգեզուրի միջանցքի տեղը նախապես իմացել ու կողքի տարածքները սաղ առել է՝ օբյեկտների ու բենզալցակայանների համար․․․ Բայց երկու հարցով մտահոգված է։ Առաջինը՝ ի՞նչ պիտի դնի էդ բենզակայանների ցանցի անունը։ Անունը դնի «ՍԻԼ»՝ կմտածեն ջուր ա, անունը դնի «ԳռզՕՅԼ»՝ սխալ կհասկանան․․․ Մյուս միտքն էլ արդեն քանի օր է հանգիստ չի տալիս։ «Այրարատը» որ Սերժի օրոք դարձրեց «Ռոսիա մոլ», կարող ա՞ Նիկոլի օրոք էլ ստիպված լինի դարձնել «Ազերբայջան մոլ»։ Ախր շատ անհարմար բան կստացվի։

Այդ պահին աշխատասենյակի դուռը ծեծում են, ու դռան արանքից հայտնվում է թիկնապահի վախվորած դեմքը․ «Շե՛ֆ, այցելու կա»։ «Ո՞վ ա»,- հարցնում է ինքը ու համենայն դեպս սեղանին դնում անգլերեն մի թանկանոց հաստ գիրք՝ այնպես, որ այցելուն կազմը տեսնի։ Սփրթնած թիկնապահը կմկմում է․ «պրն Սի․․․Սի․․․»։ Ինքը միանգամից զգում է, թե ինչպես է ամբողջ մարմինը պատվում սառը քրտինքով։ Պրն Սիրադեղյանը․․․ Վանոն․․․ Բնազդաբար իրեն նետում է գետնին ու չորեքթաթ տալով մտնում բազմոցի ու վարագույրի արանքը, բայց չի տեղավորվում։ Փոխարենը՝ կոստյումը կարգին փոշոտվում է։ «Էս հավաքարարի աշխատավարձի կեսը կրճատելու եմ, թող մի քանի ամիս 22 հազար դրամով ապրի, որ խելքը գլուխը գա»,- առկայծում է ուղեղում, ու նույն պահին էլ փոշոտված կոստյումը նոր գաղափար է հուշում։ Պետք է աղքատ ձևանալ։ Փողկապը շպրտում է մի կողմ, վերնաշապիկն ու պիջակը մի լավ ճմրթում, ակնոցի ապակիներից մեկը ճաքացնում, մազերը գզգզում, թղթի կտորի վրա արագ-արագ խզբզում «փնտրում եմ առաքիչի աշխատանք իմ անձնական մեքենայով», ապա, մի քիչ մտածելուց հետո, «իմ անձնական մեքենայով» բառերը ջնջում, թուղթը կախում դոշից ու վախեցած նայում դռանը՝ հասցրե՞ց․․․

Բութ հայացքով այդ տեսարանին հետևող թիկնապահն այնուամենայնիվ համարձակվում է հարցնել․ «հը, շեֆ, ներս հրավիրե՞մ պրն Սի․․․ Սի․․․Սիմոնյանին»։ «Ի՞նչ Սիմոնյան, արա՛, էդ Ալենչոն ա՞»,- գոռում է ինքը ու ծաղկամանը շպրտում թիկնապահի վրա։ Բայց սա հասցնում է գլուխը ետ քաշել, նույն պահին դռների մեջ հայտնվում է Ալենի գլուխը․․․ Դնգոցի վրա ներս վազած օգնականները մի կերպ ուշքի են բերում նրան․․․ Աչքերի մշուշը պարզվելուց հետո Ալենը մի կերպ կարդում է դոշի գրությունն ու շողոքորթ ժպտում՝ «շե՛ֆ, էս կարող ա՞ ուզում ես էկոնոմիկայի նախարար դառնաս»․․․

Արթնանում է ԱԺ կաբինետում ու զգուշորեն նայում պատին՝ տեսնի նկարը տեղո՞ւմ է։

Աղբյոուրը՝ 4rd.am

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ