Բարձրաստիճան պետական պաշտոնյաներից ովքեր են պատվաստվել, ովքեր՝ ոչ

 Բարձրաստիճան պետական պաշտոնյաներից ովքեր են պատվաստվել, ովքեր՝ ոչ

Անցած շաբաթ՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ դիրքորոշում հայտնեց ՀՀ քաղաքացիների պատվաստման տոկոսի վերաբերյալ:

Նրա կարծիքով՝ Հայաստանում պատվաստման մակարդակը բավականին ցածր է: Վերջինս, անդրադառնալով նաև պետական ապարատում պատվաստման գործընթացին, շեշտեց՝ պետական ապարատում աշխատող ոչ մի անձ չպետք է չպատվաստված լինի, և առաջին դեմքերը այս գործընթացի համար պատասխանատու են:

«Հայկական ժամանակ»-ը պարզել է՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ովքե՞ր են արդեն պատվաստված, ովքե՞ր՝ դեռ ոչ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիններից մեկն էր պետական ապարատում, որը պատվաստվեց կորոնավիրուսի դեմ:

ՀՀ երկու փոխվարչապետները՝ Սուրեն Պապիկյանը և Մհեր Գրիգորյանը, նույնպես ամիսներ առաջ պատվաստվել են: Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատվաստվել է ռուսական «Սպուտնիկ Վի» պատվաստանյութով: Նույն պատվաստանյութով է պատվաստվել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պատվաստման վերաբերյալ տեղեկատվություն մեզ ստանալ չհաջողվեց: Նախագահականից մեր հարցին ի պատասխան՝ գրավոր հարցում պահանջեցին:

ՀՀ բոլոր նախարարները նույնպես պատվաստված են: Պատվաստված է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

ՀՀ վարչապետին ենթակա կառույցներից միայն ՊՎԾ-ի և Ոստիկանության հետ կապ հաստատել հաջողվեց: Այսպիսով՝ ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանը և ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը պատվաստված են, իսկ ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի պատվաստման վերաբերյալ տեղեկատվություն ճշտել չհաջողվեց:

Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նույնպես պատվաստված են: Պատվաստված է նաև ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանը, իսկ ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը ՍԴ նախագահ Արման Դիլանյանի պատվաստված լինելու-չլինելու վերաբերյալ տեղեկատվություն մեզ չտրամադրեց՝ նշելով՝ դա անձնական տվյալ է:

Պատվաստված է նաև ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը:

Իսկ ահա Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դեռևս պատվաստված չէ: Նրա մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը ՀԺ-ին փոխանցեց՝ մոտ օրերս Թաթոյանը կպատվաստվի:

Պատվաստման մասին տեղեկություններ չտրամադրեցին նաև Երևանի քաղաքապետարանից: Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անձնական տվյալ է՝ ընդգծելով՝ Մարությանը բոլորին կոչ է անում պատվաստվել:

Նշենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ «Ի դրաֆթ» համակարգում օրեր առաջ օրենքի նախագիծ է շրջանառել, ըստ որի՝ պետական համակարգի և մասնավոր ոլորտի աշխատողներն օրենքով պարտավորվելու են ներկայացնել պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագրերը, իսկ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաև ազատել աշխատանքից։

Անյուտա Աթանեսյան

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ