«Երեւանի գիշերներում» Հայկոյի հետ. Սոնա Ազարյանը պատմել է համատեղ աշխատանքի մասին

 «Երեւանի գիշերներում» Հայկոյի հետ. Սոնա Ազարյանը պատմել է համատեղ աշխատանքի մասին

«Երեւանի գիշերներում» հայտնի ստեղծագործության Հայկոյի մեկնաբանությունը շատերի համար ամենասիրելիներից է: Երգիչը 22 տարի առաջ այն ներկայացրել էր գեղեցիկ տեսահոլովակով, եւ այսօր BRAVO.am-ի համար իր հիշողություններով է կիսվել հոլովակի հերոսուհին՝ ջութակահար Սոնա Ազարյանը: Նա միջազգային մրցույթների դափնեկիր է, Յուրի Բաշմետի գլխավորությամբ աշխատել է Ռուսաստանի պետական նվագախմբում, 2015 թվականին Հայաստան վերադառնալուց հետո հիմնել է Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակը:

2 տարի առաջ եմ հիշել Հայկոյի հետ մեր տեսահոլովակի մասին: Փորձում էի գտնել, բայց համացանցում ոչ մի տեղ չէր պահպանվել: Հետո մայրիկիս բնակարանում VHS-ի վրա գտա ու հրապարակեցի:

«Արտ 13» ստուդիա կար, որտեղ մոնտաժվում էր իմ մենահամերգը, հենց այնտեղ էլ Հայկոն ու Հասմիկ Կարապետյանը տեսել էին ինձ: Ուզում էին նկարել «Երեւանի գիշերներում» երգի տեսահոլովակը, կարծեմ՝ Հասմիկն ինքը մտադրություն ուներ հերոսուհին լինել, բայց հետո որոշեցին իրենց անձնական կյանքը չհանրայնացնել եւ ինձ ընտրեցին: Հենց Հայկոն էլ ինձ ու Հասմիկ Կարապետյանին լուսանկարեց՝ ցույց տալու համար, թե ինչքան նման ենք. երկուսս էլ այն ժամանակ ակնոց էինք դնում: Ցավոք, լուսանկարը չեմ կարողանում գտնել:

1998 կամ 1999 թվականին տեսահոլովակի ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի առաջարկով հանդիպեցի Հայկոյի հետ: Ներկայացրել էին, որ երիտասարդ երգիչ է, նախկին ջութակահար ու ցանկանում է տեսահոլովակ նկարել: Այդպես էլ ծանոթացանք, երկու օր տեւեցին նկարահանման աշխատանքները:

Մինչ նկարահանումները նախապատրաստական աշխատանք չենք տարել, ամեն ինչ հենց ընթացքում է արվել. ռեժիսորից ստացել ենք հրահանգներն ու կատարել: Իմ տեսահոլովակներն էլ են այդպես նկարվում՝ հենց տեղում, առանց փորձերի: Բնականաբար, առանց գումարի եմ նկարվել, պարզապես ուզում էի օգնել գործընկերոջս:

Նկարել ենք Պուշկինի փողոցում՝ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի հարեւանությամբ գտնվող շենքերից մեկի կտուրում: Զվարճալի էր, որ կտուրի վրա նկարելու ընթացքում Քեշիշյանը խնդրեց հանել ակնոցս, ու ես համարյա սայթաքելու էի. հազիվ պահեցի ինձ:
Տեսահոլովակում տատիկիս էլ եմ մարմնավորում, իսկ երիտասարդ հերոսը հենց առաջին օրն ընկել էր, ոտքը վնասել, դրա համար էլ պարելու ժամանակ շատ լուրջ է, քանի որ ոտքը սարսափելի ցավում էր:

Պապիկի դերակատարի հետ փողոցում էին ծանոթացել, եթե չեմ սխալվում՝ ակորդեոնիստ էր, ու խնդրել էին, որ ինքն էլ նկարվի: Տեսահոլովակում նվագող երաժիշտներն իմ համակուրսեցիներն են:
Ռուբեն Հախվերդյանի կատարումները չափազանց սիրում եմ, այդ երգն էլ մանկուց շատ եմ լսել: Միանգամից համաձայնեցի, ինձ հետաքրքիր էր տեսնել, թե ինչպես են բեմադրելու «Քո հանգուցյալ տատիկի սենյակում, ուր մահճակալն էր անվերջ ճռճռում» (ծիծաղում է,- խմբ.) հատվածը, բայց Հայկոն որոշել էր հանել այդ երկտողը:

Հախվերդյանի դրայվը չկա, բավական հանգիստ տեսահոլովակ է ստացվել, ավելի շատ ռոմանսի է նման՝ Հայկոյի ոճում:

Որպես երաժիշտ՝ միանգամից գնահատեցի Հայկոյի տեմբրը, ձայնը: Նորություն չի, որ շփման մեջ շատ հաճելի էր: Հասմիկն էլ ներկա էր նկարահանումներին, անընդհատ մեր կողքին էր: Շատ գեղեցիկ զույգ էին, զարմացա, երբ իմացա, որ բաժանվել են, իհարկե, մի քիչ էլ տխրեցի:

«Երեւանի գիշերներում»-ն այն տարիներին շատ մեծ աղմուկ հանեց, անընդհատ ցուցադրում էին հեռուստատեսությամբ: Ես ամբողջ օրը գործիքս ուսիս գնում էի կոնսերվատորիա, համերգների կամ հյուրախաղերի եւ ամենուր՝ օդանավակայանում, հացի խանութում, թե աղբ թափելիս, ինձ ճանաչում էին ու ասում՝ «այն քնքուշ սեւահերը» (ծիծաղում է,- խմբ.):

Այդ հանգամանքն ինձ շատ էր ծիծաղեցնում, հասկացա, թե ինչպես են ճանաչում ձեռք բերում, թեեւ դասական երաժշտության ոլորտում հայտնի էի: Քանի որ շատերը դասական համերգների չէին գնում, մտածում էի, որ գոնե ազդագրերի վրա ինձ տեսնելիս դասական երաժշտություն լսելու ցանկություն կառաջանա:

Վերջին անգամ Հայկոյին դպրոցում եմ հանդիպել, որտեղ մեր երեխաները հաճախում են եւ արդեն 5-րդ դասարանում են սովորում: Յուրահատուկ օր էր, որ երկուսս էլ գնացել էինք ու պատահական հանդիպել: Երկու տարի առաջ էր, շատ ջերմ ու ընկերական ողջունեցինք իրար:

Ընդհանուր ընկերներից իմացա, որ Հայկոն հիվանդանոցում է:

Մահվան լուրը լսելուց հետո շատ մեծ ցավ ապրեցի, ահավոր ափսոսանք, քանի որ որպես երաժիշտ՝ դեռ շատ բաների կհասներ: Յուրահատուկ ձայն ուներ, դեռ տարիներ առաջ, երբ նկարվեցի նրա տեսահոլովակում, ուրախ էի, որ որակյալ նախագծում եմ մասնակցություն ունեցել: Նրա արվեստի երկրպագուն չեմ եղել, բայց հասկանում եմ, որ մեծ մակարդակի երաժիշտ ու տաղանդավոր մարդ էր:

Առաջին հերթին ուզում եմ Հայկոյի բարեկամներին համբերություն մաղթել: Գիտեմ, որ որդու հետ շատ կապված էր: Նա տաղանդավոր ծնողների բալիկ է, ու հույս ունեմ, որ այն, ինչ Հայկոն չի հասցրել անի, ինքը կյանքի կկոչի:

Հասմիկ Բաբայան

 

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ