«Պուլյան կողքովս գնում է, ինձ չի կպնում։ Մի մտածի, ինձ բան չի պատահի»

 «Պուլյան կողքովս գնում է, ինձ չի կպնում։ Մի մտածի, ինձ բան չի պատահի»

«Երազում էր գեներալի կոչումի մասին։ Ու կդառնար… ինքը յուրահատուկ հրամանատար էր ու յուրահատուկ մարդ, զինվորականությունն արյան մեջ էր, զինվորին սիրող ու հոգ տանող։ Հա, հաստատ գեներալ կդառնար, եթե հոկտեմբերի 20-ին…»,-պատմում է Կարեն Բաբայանի կինը՝ Տաթեւիկը։ Կարենը փոխգնդապետ էր, 44-օրյա պատերազմում կռվել է ամենաթեժ կետերում՝ Ջրական, Հադրութ, Քարվաճառ։

Տարիներ առաջ երբ ամուսնացել էին, Կարենը լեյտենանտի կոչում ուներ, երբ արդեն փոխգնդապետի կոչում տվեցին, կնոջն ասել էր՝ «Այս աստղերից դու էլ ունես»։ «Սիրիա էր մեկնել, հումանատար առաքելության ղեկավարն էր։ Եկավ, ծննդյան նվեր բերեց, մեդալ էր՝ որպես սպայի կին։ Ես անվերջ կարող եմ պատմել Կարենի մասին։ Չկա մեկը, որ չի սիրել նրան, չի հպարտացել ու ակնածանքով չի վերաբերվել, բոլորը, բոլորը նրա համար, կարելի է ասել՝ գժվում էին։ Ինքը «Կյանք ու կռիվ» ֆիլմում էլ է նկարահանվել, կհիշեք էդ դրվագը՝ «զախվատ գրուպայի» մեջ է, զենքով մոտենում է եկեղեցուն»,-պատմում է Տաթեւիկը։ Ասում է՝ հիմա Կարենի կարոտը այս ֆիլմը նայելով ու նկարները թերթելով է առնելու։ Կարենը ծառայել է հատուկ նշանակության բրիգադում, ապրիլյան պատերազմի օրերին էլ ղեկավարել է Թալիշի մարտական գործողությունները։

«Ծառայությունն այնքան էր սիրում, որ երբ սեպտեմբերի 27-ին իմացավ, որ պատերազմ է սկսվել, առանց հրաման ստանալու մեկնեց ռազմաճակատ։ Կարենը ընդունվել էր Մոսկվայի ռազմական դիվանագիտության ակադեմիան, Հայաստանից երկու հոգի էին ընդունվել, հոկտեմբերի 2-ին պետք է մեկներ Մոսկվա, նույնիսկ իր իրերը բերել էր տուն, որպեսզի սենյակը տրամադրի հաջորդ կամբատին։ Բայց որոշեց, որ ինքը ռազմի դաշտում պիտի լինի։ Կարենը մի օրով եկել էր մասնակցելու իր հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանի հուղարկավորությանը, մի օր ավել չմնաց, ասաց՝ շուտ պիտի վերադառնամ, իմ քառասուն զինվորներն ինձ են սպասում, ես իրենց չեմ կարող թողնել»,-ասում է Տաթեւիկը։

Ամուսինը կռվի օրերին կնոջ հեռախոսազանգերին պատասխանում էր նույնիսկ մարտի դաշտում, որպեսզի կինը չանհանգստանար։ Տաթեւիկն ասում է՝ հեռախոսով հետը խոսում էի, մի երկու բառ էինք փոխանակում, ու լսվում էին ռումբի ձայները.

«Երբ զանգում էի, ասում էր՝ մարտ եմ ղեկավարում, մի խանգարի։ Մի օր էլ ասաց՝ Տաթ, ոնց չմեռանք, «սնարյադը» պայթեց կողքներս, կամ էլ ասում էր՝ «պուլյան կողքովս գնում է, ինձ չի կպնում, մի մտածի, ինձ բան չի պատահի։ Ամբողջ ընթացքում իր հայրիկի զրահաբաճկոնն է հագած եղել, իր հայրն էլ չկա։ Շատ հմուտ զինվորական էր, ես էլ իր խոսքերին հավատում էի, վստահ էի՝ բան չի լինի»։ Հոկտեմբերի 20-ին փոխգնդապետ Կարեն Բաբայանը վերջին մարտն է ղեկավարել, այդ օրը կեսգիշերն անց կնոջ հետ վերջին անգամ է խոսել, զանգել ու կնոջն ասել էր՝ քեզ շատ եմ սիրում, երեխաներիս լավ կնայես. «Զանգել էր հրաժեշտ տալու։ Ժամը 3-ից հետո արդեն անհասանելի էր։ Հետո իմացա, որ իր զինվորները գնացել էին իրեն մարտի դաշտից հանելու, բայց, ավաղ, նրանք էլ՝ տասը հոգով զոհվեցին այդտեղ»։

Փոխգնդապետը երկու զավակ ունի, որդին՝ 15 տարեկան է, դուստրը՝ 8։ Տաթեւիկն ասում է՝ աղջկան չի ասել հոր զոհվելու մասին։ Տաթեւիկի հետ զրուցել էի Նուբարաշենի խճուղում պատերազմում զոհված ութ տղաների հիշատակին հուշակոթողի բացման արարողության ժամանակ։ Միջոցառման մասնակիցներից շատերը, ովքեր ճանաչում էին Կարենին, հեկեկում էին։ Հեկեկում էին մյուս բոլոր տղաների համար էլ, լիներ՝ շարքային զինծառայող, կամավոր, թե՝ փոխգնդապետ։ Ութն էլ նույն բակից էին.


Գրիգոր Հարությունյան. պատերազմին մասնակցել է որպես կամավոր, զոհվել է հոկտեմբերի 14-ին, Հադրութում։

Հայկ Վարդանյան. սեպտեմբերի 30-ին կամավորագրվել է «Ողջ մնալու արվեստ» ՀԿ կազմավորած լեռնահրաձգային գումարտակին եւ մեկնել ռազմաճակատ։ Մասնակցել է Կարմիր Շուկա եւ Թաղավարդ գյուղերի պաշտպանությանը։ Զոհվել է նոյեմբերի 7-ին, ականանետային հրետակոծությունից։

Դավիթ Վիրաբյան. Ամերիկյան համալսարանում ուսումը թողել է ու 2020 թվականի հունվարին մեկնել բանակ՝ ծառայության։ Սեպտեմբերի 27-ից մասնակցել է Ջրականի մարտերին, զոհվել է հոկտեմբերի 3-ին։

Ռոբերտ Հովհաննիսյան. առողջական խնդիրների պատճառով՝ սրտի արիթմիա ուներ, բանակ զորակոչվելը երեք տարով հետաձգվել էր, ժամկետն ավարտվելուց հետո 2020 թվականի հունվարին զորակոչվել է, զոհվել է նոյեմբերի 9-ին։ Նարեկ Գեւորգյան. նախքան պատերազմը, ընկերոջ կյանքը փրկելու համար սերժանտի կոչում է ստացել, հրամանատարի առաջադրանքը գերազանց կատարելու համար ավագ սերժանտի կոչում է ստացել։ Ծառայությունը Թալիշում է եղել. մասնակցել է թեժ մարտերին, զոհվել սեպտեմբերի 27-ին։ Ռուբեն Համբարձումյան. ԵՊՀ-ի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն էր ընդունվել։ Բայց պետք է գնար բանակ։ Գնաց ու այնտեղ էլ իր գիտելիքների շնորհիվ դարձավ D20 հրետ. դիվիզիոնի կառավարման դասակի շտաբի պետի հաշվարկող։ Զոհվել է hոկտեմբերի 22-ին, ավիառումբի հարվածից։ Մարատ Մանուկյան. մի քանի ամսվա զինծառայող էր, շարքային, պատերազմի առաջին օրերից մասնակցել է Ջրականի եւ Հադրութի մարտերին։ Զոհվել է հոկտեմբերի 12-ին, Ջրականում։

Նելլի Բաբայան

«Առավոտ» օրաթերթ

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ