Դիտավորությո՞ւն, թե՞ չիմացություն. ինչու էին ռազմական պլանները նախապես հրապարակայնացվել

 Դիտավորությո՞ւն, թե՞ չիմացություն. ինչու էին ռազմական պլանները նախապես հրապարակայնացվել

44-օրյա պատերազմի ընթացքում տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառումները, հրապարակային ելույթները, ժողովրդին ուղղված ուղերձներն ու կոչերը, առանձնացնելով հատկապես այն հայտարարությունները, որոնցում առկա են ռազմական կամ պետական գաղտնիք պարունակող տարրեր:Այս համատեքստում, մեր ուսումնասիրությունների ընթացքում, ևս մի քանի ուշադրության արժանի փաստ ենք արձանագրել, որը, մասնավորապես, վերաբերում է դեռ չիրականացված և ընթացքի մեջ գտնվող օպերացիաների հրապարակայնացմանը:–հոկտեմբեր 6, 2020- Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, թե ինչ բնույթի օպերացիա է իրականացվելու:

«Երեկ Արցախում էի:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»,- գրել էր Փաշինյանը:

Այս մասին նույն օրը քիչ ուշ հաղորդագրություն տեղադրվեց նաև Կառավարության պաշտոնական էջում:

Ի դեպ, հրապարակված կադրերում երևում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ ժամանակ Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, նույն ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար, գնդապետ Արգիշտի Քյարամյանը, Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար Կամո Աղաջանյանը, ՀՀ ԱԳ ներկայիս նախագահ, այն ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

–հոկտեմբերի 6, 2020, Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական РБК հեռուստաալիքին, որտեղ ասել է.

«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:Ռուս լրագրողի հարցին՝ մի քանի օր առաջ հաղորդվել էր Գյանջա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին, հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների ընդլայնում Ադրբեջանի տարածքում, Փաշինյանը պատասխանել էր. «Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը»: Այս մասին արդեն նախորդ հոդվածում հիշատակել էինք:

Ավելի ուշ պարզվեց, որ նույն ժամանակահատվածում՝ հոկտեմբերի 5-6-ին, ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որը ներկա էր Նիկոլ Փաշինյանի արցախյան խորհրդակցությանը, մշակել է «Քյանդ-Հորադիզ» օպերացիան:

«Ամսի (հոկտեմբերի.- Մ.Պ․) 5-6-ը, երբ հակառակորդի մի թևը արդեն Ջաբրայիլի բերանում է, մյուս թևը Հադրութի Բանաձոր գյուղն է վերցրել, երրորդ թևը գնում է դեպի Խոդաֆերին, պարոն Փաշինյանը սելեկտորով կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ այստեղի գեներալները նման բան են ասում։ Խոսակցության ընթացքում ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպել, կանգնեցնել հակառակորդին, կարող ենք և չանել: Բայց եթե դա չի լինում, միակը մնում է այդ քայլը։ Մարդը ասում է, որ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին Ջաբրայիլի և այդ երեք ուղղություններով, այսինքն՝ մնում է Հորադիզը, Քյանդ-Հորադիզը, Լելե Թեփեն 9-10 կմ այդտեղից հեռու է։ Հորադիզից ուղիղ ճանապարհ է իջնում մինչև Արաքս գետ, եթե մենք չենք կարողանում այդ 12 կմ-ն փակել, ապա 100 կմ ինչպե՞ս ենք պաշտպանություն ստեղծում։ Առաջարկը եղել է իմ կողմից, 1993 թվականին այդ տարածքները այդ կերպ ենք ազատագրել։ Ճանապարհը փակել ենք, օղակի մեջ ենք վերցրել, սեղմել Իրանի սահման, ով անցել է այն կողմ, ով էլ զոհվել է։ Առաջարկ է եղել նույն կերպ գործել, ընդունել է և՛ Ջալալը, և՛ Օնիկը Գասպարյան, որ այո, դա է միակ ձևը»,- Հանրային հեռուաստաընկերության եթերում մանրամասնել էր Սամվել Բաբայանը:

– 2021-ի ապրիլի 14-ին Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարողականի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը հաստատել էր Բաբայանի ասածը.

«Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, և որոշումը կայացրել են այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորությունն ունեցել են: Ես մոդերացիա եմ արել խոսակցությունը և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել: Ամենաբարձրաստիճանին եմ հարցրել, ասել է, որ լավ միտք է, որից հետո գնահատել է իրադրությունը և զեկուցել է, որ այո, դա պետք է և կարելի է անել»,- նշել էր Փաշինյանը:

Նույն օրը հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մեղադրական սլաք էր ուղղել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի ուղղությամբ:

«Պատերազմի ընթացքում հակառակորդը հարավային ուղղությամբ ճեղքում է կատարել՝ հասնելով մինչև Ջաբրայիլ և ուղղություն վերցնելով դեպի Հադրութ։ Արցախյան հերոսամարտի ամենաակտիվ և նշանակալի դեմքերից մեկն առաջարկել է, որ ճեղքման հատվածը պետք է հյուսիսից կտրել և հակառակորդի ուժերը բաժանել միմյանցից։ Առաջարկը քննարկելու նպատակով Ստեփանակերտում հրավիրել եմ խորհրդակցություն։ ՀՀ ԳՇ պետն էլ միացել է սելեկտորով, քննարկման արդյունքում նա ասել է, որ հետաքրքիր գաղափար է, բայց պետք է տեղում գնահատել իրադրությունը և որոշել, թե որքանով է դա իրականանալի։ Գնահատումը պետք է կատարեր ՊԲ հրամանատարությունը։ ՊԲ հրամանատարությունը զեկուցել է, որ կարելի է իրականացնել նման գործողություն։ Օպերացիան սկսվել և մի քանի ժամ հաջող իրագործվել է, ամեն դեպքում՝ ինձ այդպես են զեկուցել, բայց ավարտին չի հասցվել, քանի որ տանկային միավորումներից մեկն իր անելիքը չի արել և նախատեսված ձևով չի մասնակցել օպերացիային։ Այսինքն, այդ միավորումը, որի հրամանատարը եղել է այսօր ակտիվ ընդդիմադիր գործունեություն ծավալող գեներալներից մեկի որդին, չի կատարել իր պարտականությունները»,- պնդել էր նա:

168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այլ մանրամասներ էր հայտնել.

«Ինչ վերաբերում է կառավարության ղեկավարի խոսքին, կարող եմ ասել հետևյալը. ինքը նորից իրավիճակին չի տիրապետում: Նախ՝ մենք չունենք մի քանի տանկային միավորում, որ ասում է՝ տանկային միավորումներից մեկը: Այստեղ ինքն առնվազն չի տիրապետում կամ ստում է: Ինչ վերաբերում է այդ օպերացիային, դրա ժամանակ էլ մենք խնդիրներ ենք ունեցել իրադրության, հակառակորդի ճիշտ գնահատման և ընդհանուր առմամբ համակողմանի ապահովման: Այսինքն, այդ օպերացիայի կատարման համար պայմաններ չեն եղել: Պայմանները թույլ չեն տվել, որ այդ օպերացիան իրականացվի: Որո՞նք են այդ պայմանները. առաջին՝ հակառակորդը պետք է կանգնեցվի, նրան պետք է հզոր խոցում հասցվի, նաև՝ հակահարվածող կառույցներին պետք են աջակցություն, նրանց թևերը պետք է ապահովված լինեն, որպեսզի նրանց կողմից խնդիրը կատարելուց հետո աջ և ձախ կողմերը նույնպես նման գործողություններ կատարեն և վերջնական կանգնելու կամ բնագիծ գրավելու վայրում ապահովեն հակագրոհները: Այս բոլոր խնդիրները չեն իրականացվել, եթե խոսքը վերաբերում է «Լելե Թեփե» ասվածին: Ի դեպ, քարտեզի վրա այդ բարձունքը կոչվում է Լալա-Իլյագի, որը մեզ համար որևէ ռազմավարական նշանակություն չունի»:

Նիկոլ Փաշինյանի ապրիլի 14-ի ելույթից մի քանի օր առաջ՝ 2021-ի ապրիլի 11-ին, քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որից պարզ է դառնում՝ ինչ հակահարվածի մասին էր Փաշինյանն առաջ ընկնելով 2020 թվականի հոկտեմբերի 6-ին հայտնել:

«2020 թ․ հոկտեմբերի 6-ին՝ ժ․ 15:00-ի հատվածում, երբ արդեն պարզ էր Ջաբրայիլ-Մեխակավանի անկումը, Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը Ստեփանակերտում ընդունեց մի հանցավոր որոշում, որի արդյունքում գլխովին ջախջախվեցին.

– Ջաբրայիլի զորամասի մնացորդները

– Ֆիզուլու տանկային զորամասը

– Խոջալուի տանկային զորամասը

– Արալեռի (Դաշքեսան) զորամասի մնացորդները

– ԿՊՇ (ЦОР) հետևակի և զինտեխնիկայի մեծ մասը։

Փաստացի, Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը ջարդվեց Լալաթափան գրոհելու արկածախնդրության հետևանքով, որի որոշումը կայացվել էր այս սենյակում։ Հակագրոհից առաջ չէր իրականացվել պատշաճ հրետանային նախապատրաստություն, հետախուզում՝ ՈՉԻ՛ՆՉ։ Ընդամենը կար եսասիրական նպատակ զորքը զոհելու հանուն «գլուխգովանության», որ հետ են բերում «նախկինների» տվածը։ Արդյունքում մեր զինտեխնիկան մնաց թշնամուն, իսկ հետևակը՝ թշնամու «Սմերչի» հարվածների տակ…»,- մանրամասնել էր Էլբակյանը:

-Մի ուշագրավ հանգամանք ևս, որը կրկին վերաբերում է ռազմական գաղտնիքի հրապարակայնացմանը. 2020-ի հոկտեմբերի 4-ին, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոս» բարձրագույն կոչումներ էր շնորհում ՊԲ զինծառայողներին ու սպաներին, տարածված տեսանյութում պարզ երևում էին պատին փակցված «Բանակային հակահարվածի հասցման պլանը», «ՊԲ պաշտպանական օպերացիայի պլանը», վերջինի վրա կար ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի «մակագրությունը», որը ևս հստակ երևում էր:

Հրամանատարական կետից հետագա միջացառումների մասին պատմող տեսագրություններում այս պլանները փակված էին, գուցե շատ կարևոր էին, սակայն պարգևատրման օրվա մասին պատմող տեսագրության մեջ հստակ երևացող պլաններն այդպես էլ որևէ ձևով չփակվեցին, և դրանք մինչ այժմ էլ նույն տեսքով հասանելի են համացանցում, այդ թվում՝ նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում:

Հիմա, երբ կորցրել ենք Արցախի պաշտպանական մի շարք շրջաններ, ուժը կորցրած են նաև հրապարակված պլանները: Միայն թե չենք կարող ասել, թե հրապարակման պահին ուժի մե՞ջ էին, թե՞ ոչ….

Աղբյուրը`168.am

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ