Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը. Նիկոլ Փաշինյան

 Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրապարակում իր ելույթում ասաց․

«Ի՞նչ կտեսնենք մենք, եթե հետ նայենք մենք մեր անկախ պետության 30-ամյա պատմությանը։ Կտեսնենք հաջողություններ և անհաջողություններ։ Կտեսնենք հաղթանակներ ու պարտություններ, կտեսնենք արցունքներ ու բերկրանք, կտեսնենք ոգեշնչում ու հիասթափություն, կտեսնենք հիացմունք ու հուսահատություն, կտեսնենք պատերազմներ՝ պատերազմում կրած հաղթանակ և պատերազմում կրած պարտություն։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանրությունը կախված է այս հրապարակի վրա։ Եվ թերևս այս հանգամանքն է այն ճամփաբաժանի սիմվոլը, որի մասին խոսում է մեծն Թումանյանը։

Ինչպե՞ս ապրել այս աղետից հետո, ինչպե՞ս նայել զոհվածների երեխաների, այրիների, հայրերի և մայրերի աչքերին, ինչպե՞ս անել, որ նրանց զոհողությունն անիմաստ չդիտարկվի։ Այս բանաձևումն է թերևս մեր ամենամեծ խնդիրը՝ ձևակերպել մեր կյանքի և ապագայի ուղենիշը՝ 30-ամյա անկախության այս հանգրվանում, անկախ պետության ապագա տասնամյակների համար, իմ պատկերացրած ձևակերպումն այսպիսին է՝ պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ և պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն։

Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաև հաղթանակի մեր բանաձևը, որովհետև պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին։ Հաղթել նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել ճակատագրին, հաղթել մահվանը։ Իսկ ու՞ր մնացին նահատակները․ նրանք ընկան, որ Հայաստանը ապրի, նրանք ընկան, որ Արցախն ապրի։ Եվ քանի ապրում է Հայաստանը, քանի ապրում է Արցախը, նրանք կենդանի են»։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ