Ադրբեջանցի զինվորականները կարող են գերեվարել ՀՀ քաղաքացիներին՝ Գորիս-Կապան ճանապարհին. փաստաբան

 Ադրբեջանցի զինվորականները կարող են գերեվարել ՀՀ քաղաքացիներին՝ Գորիս-Կապան ճանապարհին. փաստաբան

Ադրբեջանցի զինվորականները կարող են գերեվարել ՀՀ քաղաքացիներին՝ ենթադրյալ հանցագործություններ կատարելու կասկածանքով, նրանց տեղափոխել Ադրբեջանի Հանրապետություն, դատավարություն իրականացնել և այդ պայմաններում ՀՀ-ն իրավական հակազդեցության որևէ գործիքակազմ չունի՝ առանց միջպետական համապատասխան փաստաթղթերի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիներն անցակետ են տեղադրել։ Ըստ ՀՀ ԱԱԾ տարածած պաշտոնական հաղորդագրության՝ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Ընդ որում՝ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշվել էր Որոտանի ադրբեջանական անվանումը՝ «Էյվազլի»։ Այլ խոսքով՝ Իրանից Հայաստան եկող ավտոմեքենաները գտնվում են ադրբեջանցիների անմիջական հսկողության ներքո, ինչը ոչ միայն մեղմ ասած խնդրահարույց է անվտանգության և տնտեսության համատեքստում, այլև՝ հղի է նոր վտանգներով՝ ՀՀ քաղաքացիների գերեվարման, ձերբակալությունների տեքստով։ Ընդ որում՝ Ադրբեջանի կողմից հետախուզում է հայտարարվել մի շարք պաշտոնյաների, զինվորականների նկատմամբ։

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում բարձրացրեց միջպետական պայմանագրի անհրաժեշտության հարցը՝ արձանագրելով, որ անգամ թշնամի պետությունների հարաբերությունները կարգավորվում են միջազգային պայմանագրերով և այս պահին, թեև մեզ համար այդ տարածքները վիճելի չեն, քանի որ հայկական են համարվում, բայց փաստացի գործ ունենք վիճելի տարածքի հետ, որտեղ կատարված հանցահործությունների կամ յուրաքանչյուր պետության իրավազորության հարցը պետք է լուծվի միջազգային պայմանագրով։ Փաստաբանի կարծիքով՝ հունվարի 11-ի պայմանագրով պետք է կետ ներառվեր կամ անհապաղ լոկալ այդ տարածքի վերաբերյալ պետք է եռակողմ համաձայնություն ձեռք բերվեր՝ տարածքը երկկողմանի, համատեղ անարգել որոշակի ժամկետով օգտագործելու վերաբերյալ կամ այդ ճանապարհով երթևեկությունն արգելափակելու վերաբերյալ, մինչդեռ որևէ համաձայնություն ձեռք չի բերվել։

Նրա փոխանցմամբ՝ ստեղծվել է իրավիճակ, երբ տվյալ տարածքում ադրբեջանցի զինվորականներն իրավասու են գերեվարել ՀՀ քաղաքացիներին՝ պատճառաբանելով, թե նրանք կասկածվում են ենթադրյալ հանցագործությունների կատարման մեջ, տեղափոխել նրանց Ադրբեջանի Հանրապետություն և նրանց նկատմամբ դատավարություն սկսել և, ՀՀ-ն, այդ տարածքում՝ միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում որևէ իրավազորություն չունի, որևէ իրավական հակազդեցություն ունենալ չի կարող, գործիքակազմ չկա։

«Եթե ՀՀ քաղաքացին երթևեկում է ուղեկալի դիմացի հատվածում, որի մի մասը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության տարածք և եթե այդ տարածքում Ադրբեջանի ոստիկանները ձերբակալեն մեր քաղաքացուն, տեղափոխեն Ադրբեջան և նրա նկատմամբ դատավարություն սկսեն, իրենց բոլոր գործողություններն իրավաչափ են, իրավական հարթության մեջ հակազդեցության որևէ գործիքակազմ չունենք։ Օրինակ, ասենք՝ Որոտանի այդ հատվածը համարում են Ադրբեջանի Հանրապետության սուվերեն տարածք, ՀՀ քաղաքացին առանց թույլտվության հատել է սահմանը և մտել Ադրբեջանի տարածք, ՔՕ համապատասխան հոդվածի հանցակազմի այդ հիմքով կարող են անձին ձերբակալել»,- նշեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ մինչև ճանապարհների հարցը լուծելը պետք էր եռակողմ համաձայնություն ձեռք բերել՝ ՀՀ քաղաքացիների անարգել մուտքի, երթևեկության վերաբերյալ, ինչը չի արվել։

Այլ խոսքով՝ պարզապես բանավոր պայմանավորվածության հիման վրա ՀՀ քաղաքացիները երթևեկում են այդ տեղով, բայց ցանկացած պահի սահմանն ապօրինի հատելու հանցակազմով կարող են ՀՀ քաղաքացիներին ձերբակալել։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ