Թուրքիայում Ուրարտուի առաջնորդի շիրիմի տակ կին առաջնորդի հարուստ գերեզման է հայտնաբերվել

 Թուրքիայում Ուրարտուի առաջնորդի շիրիմի տակ կին առաջնորդի հարուստ գերեզման է հայտնաբերվել

Թուրքիայի Չավուշթեփե ամրոցում պեղումների ժամանակ ուրարտացի կին-ղեկավարի դամբարան է հայտնաբերվել: Ամրոցի հյուսիսում գտնվող նեկրոպոլիսում պեղումներ են ընթանում, հայտնում է Arkeonews-ը:

Ավելի վաղ նույն տեղում հայտնաբերվել էր Ուրարտուի առաջնորդի գերեզման, որը թաղված էր չորս ձիերի, շան եւ խոշոր ու մանր անասունների հետ միասին: Այստեղ հայտնաբերվել էր շատ բարձրորակ կավե արտադրանք, ինչպես նաեւ նավթի լամպ, որի նմանները նախկինում չեն գտնվել: Եւ երբ հնագետներն այն ամբողջությամբ պեղել են, պարզվել է, որ ներքեւում կա նաեւ ուրարտացի կնոջ գերեզման:

Հնագետները նշում են, որ հարուստ զարդերով թաղված կինը գլուխ չի ունեցել, ինչը, փորձագետների կարծիքով, կրոնական համոզմունքների կամ ծիսակարգի արդյունք է: Ենթադրվում է, որ այս կնոջ գլուխը կարելի էր տեղադրել ավելի սուրբ վայրում: Նաեւ այս գերեզմանում հայտնաբերվել են երկու պաշտոնական կնիքներ, որոնցից մեկը՝ բրոնզից, իսկ մյուսը՝ ալեբաստրից: Այն ժամանակներում կնիքներ կարող էին ունենալ միայն տիրակալներն ու վաճառականները, ինչը նշանակում է, որ թաղված կինը հասարակության մեջ ինչ-որ ղեկավար դեր է կատարել: Մի կնիքի վրա փորագրված է կյանքի ծառը եւ տարբեր պատկերներ: Մյուսի վրա առյուծ՝ ներքեւում կնիքով:

Գիտնականները պարզել են, որ կինը 40-50 տարեկան է եղել: Գերեզմանում հայտնաբերված վզնոցն ունի դասական ուրարտական նախշեր: Բացի այդ, կինը նաեւ ունեցել է բրոնզից եւ արծաթից պատրաստված զարդեր, ուլունքներ, ագաթ, մարջան, պիրիտի քարեր, խխունջներ եւ ապակիներ: Բավականին լավ են պահպանվել երեք կենդանիների գլխով ճարմանդը եւ բրոնզից պատրաստված ճոճանակ ականջօղերը: Այս ամենն այդ օրերին համարվում էին շատ արժեքավոր զարդեր: Այն ժամանակ խխունջներով զարդեր կարելի էր գտնել միայն Միջերկրական ծովի շրջանում: Այս շքեղությունը ցույց է տալիս, որ կինն այն ժամանակ շատ կարեւոր անձնավորություն է եղել: Նշվում է նաեւ, որ զարդերը շարված են եղել մեկը մյուսի վրա, այլ ոչ թե մարմնի վրա:

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ