Անհետ կորած զինվորների հարազատներից մերկ լուսանկարներ պահանջած տղամարդը դատապարտվել է ամենադաժան դատավճռով

 Անհետ կորած զինվորների հարազատներից մերկ լուսանկարներ պահանջած տղամարդը դատապարտվել է ամենադաժան դատավճռով

Պատերազմում անհետ կորած զինվորների իգական սեռի հարազատներից մերկ լուսանկարներ պահանջած 41-ամյա Ալիկ Հայրապետյանը դատապարտվեց ազատազրկման՝ 12 տարի ժամկետով։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, հրապարակել է դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով Ալիկ Հայրապետյանին մեղսագրվող արարքում և նրան դատապարտել նրան երկարատեւ ազատազրկման՝ 12 տարի ժամկետով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ դատարանից։

Ալիկ Հայրապետյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ մարդու թրաֆիքինգի կամ շահագործման համար, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով և երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։

Նշենք, որ մեղադրող դատախազը մեղադրական ճառում միջնորդել էր մեղավոր ճանաչել Հայրապետյանին՝ դատապարտելով ազատազրկման 20 տարի ժամկետով, սակայն, հաշվի առնելով, որ վերջինս խնամքին ունի չորս անչափահաս երեխա, դատարանը որոշել է նրան դատապարտել 12 տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով վերոգրյալ մեղմացուցիչ հանգամանքը։

Ըստ քրեական գործի տվյալների՝ 2021թ հունվար-փետրվար ամիսներին, Ալիկ Հայրապետյանը համացանցում կատարված որոնումների արդյունքում հայտնաբերել է օգտատերերի, այդ թվում նաև 14-ամյա աղջկա, ովքեր համացանցային կայքում Արցախյան 44-օրյա պատերազմում իրենց անհետ կորած զինծառայող հարազատներին որոնելու կամ նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ հրապարակումներ էին կատարել: Հայրապետյանը ներկայացել է որպես ադրբեջանցի և ֆեյսբուք սոցիալական ցանցում «Азиз Мурадов» օգտանունով հաղորդագրություններ է ուղարկել անհետ կորածների իգական սեռի հարազատներին՝ նշելով, թե գտնվում են Ադրբեջանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում և ինքը անմիջական շփում ունի նրանց հետ:

Իր հաղորդագրություններին արձագանքած անձանց Հայրապետյանը կեղծ խոստումներ է տվել, թե կկազմակերպի հեռախոսազրույց գերևարված զինծառայողների հետ, ուղարկել է «Magicut» և «Cupace» ծրագրային հավելվածների միջոցով վերափոխված լուսանկարներ՝ դրանցում տեղադրելով անհետ կորած զինծառայողի դեմքը: Օգտվելով այն հանգամանքից, որ իր հետ նամակագրություն վարող անձինք հավատացել են իր կողմից հայտնած տեղեկություններին՝ նրանցից պահանջել, ապա հարկադրել է «Մեսենջեր» հեռահաղորդակցման հավելվածի միջոցով ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ ու տեսագրություններ՝ հակառակ պարագայում սպառնալով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել նրանց գերևարված հարազատների նկատմամբ կամ սպանել վերջիններիս:

Հարուցված քրեական գործի շրջանակներում Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, վերջինս կալանավորվել է։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ