Կեղտոտ ընտրություններ են լինելու՝ բախումներ, հայհոյանք

 Կեղտոտ ընտրություններ են լինելու՝ բախումներ, հայհոյանք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը.

–Պարոն Բաղդասարյան, Շիրակում գերեվարված շիրակցիների հարազատները հայտարարում են, որ չփորձեք մտնեք տարածք, մեր տարածքում հանկարծ քարոզարշավ չանեք։ Գեղարքունիքում սահմանային լարվածություն է, Սյունիքում ևս լարված է։ Այս իրավիճակում ընտրությունների արդյունքները կարո՞ղ են վավեր համարվել։ Առհասարակ, հաջորդ Ազգային ժողովը կարո՞ղ ենք համարել ներկայացուցչական։

-Սկսենք նրանից, որ ես վստահ չեմ, որ ընտրություններ լինելու են։ Երկրորդ՝ բնականաբար, նորմալ քարոզարշավ չի լինելու, և որքանով հետևում եմ ներքաղաքական գործընթացներին, ցավոք սրտի, չի լինելու նաև բովանդակային քննարկում, ավելի շուտ լինելու է զոռբայություն՝ տարբեր մեխանիզմներով առավելագույն ձայներ հավաքելու, վարչական ռեսուրսների կիրառում, սպառնալիքներ, ճնշումներ, կոշտ հռետորաբանություն, հայհոյանք, քաշքշուք, բախումներ, մի խոսքով, շատ կեղտոտ ընտրություններ են լինելու։ Եվ եթե մենք խոսում ենք հաջորդ խորհրդարանի լեգիտիմության մասին, ապա մեծ հաշվով արդեն այսօր կարելի է ոչ լեգիտիմ համարել, որովհետև իշխանությունների կողմից մենք տեսնում ենք արդեն իսկ վարչական ռեսուրսների կիրառում, փոխադարձ քարոզչական տեռոր։ Իսկ այս ամենը նորմալ կլիներ, եթե իշխող քաղաքական ուժն ընդհանրապես չմասնակցեր ընտրություններին, պարզապես հեռանար։ Այդ դեպքում գուցե հնարավոր լիներ ընտրությունների միջոցով փոքր-ինչ հանգուցալուծեր ներքաղաքական իրավիճակը։ Իսկ այս պարագայում, երբ իշխանությունները ամեն կերպ փորձում են վերարտադրվել, այս իրավիճակում ընտրությունները ոչ թե թուլացնելու են զարգացումները, այլ հակառակը, ամենայն հավանականությամբ, լուրջ լարվածություն են առաջացնելու, և հանգուցալուծում տեղի չի ունենա։ Հնարավոր է անգամ բախումներ։ Այնպես որ միֆեր կապել այս ընտրությունների հետ, չեմ կարծում, թե իմաստ ունի։

-Ինչո՞ւ եք կասկածում, որ ընտրությունները տեղի կունենան։ Պայմանավորված է արդյոք սահմանային լարվածությա՞մբ։

-Նախևառաջ, սահմանային լարվածություն է, և երբ իշխանությունները հասկանան, որ շանս չունեն վերարտադրվելու, որևէ պատրվակով անորոշ ժամանակով կհետաձգեն ընտրությունները։ Բացի այդ, կարծում եմ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ հնարավոր են ցնցումներ, բախումներ, և հնարավոր է՝ ընտրությունները հետաձգվեն նաև այդ պատճառներով։ Մենք սովորաբար ունենում ենք հետընտրական ցնցումներ, բայց հիմա իրավիճակն այնպիսին է, որ շատ լարված է նաև մինչև ընտրությունները, առավել ևս երկու հիմնական կողմերը ունեն մարդկանց բախումների, ցնցումների տանելու և՛ ռեսուրսներ, և՛ վճռականություն։ Այ սա է ամենացավալին։

-Քսաներեք կուսակցություն և չորս դաշինք են մասնակցելու այս ընտրություններին։ Արդյոք ճիշտ է չեղարկե՞լը։

-Ես չեմ կարող ասել՝ ճիշտ է չեղարկելը, թե ոչ։ Ես ասում եմ, որ այս իրավիճակում ընտրությունների մասնակիցների այս ցանկով հնարավոր չի լինելու նորմալ և մտածված ընտրություն կատարելու, և ամեն ինչ արվելու է ոչ թե բանականության, այլ էմոցիաների ազդեցության տակ, զգացմունքային ֆոնի վրա, դրան գումարած սահմանային լարվածություն, ռազմագերիներ և այլն։ Իսկ այս պարագայում հնարավոր չի լինելու գիտակից ընտրություն անել։ Առավել ևս, որ հասարակության մեծ մասն էլ չի կարողանալու ի վերջո կողմնորոշվել ուժերի ընտրության մեջ։ Ասում եք ներկայացված ուժերի և դաշինքների թիվն աննախադեպ է, բայց դա աննորմալ երևույթ է։

-Նիկոլ Փաշինյանի առաջարկած պլանը եթե կյանքի կոչվի, որանքո՞վ այն կհանդարտեցնի իրավիճակը։

-Դա չի կարող խնդրի լուծում լինել, և չեմ էլ մտածում, որ դա մտածված հայտարարություն է։ Կարծում եմ՝ դա պահի ազդեցության տակ ինչ-որ բան է ասել, որը որևէ մեկը չեմ էլ կարծում, թե լուրջ կընդունի, հատկապես ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին հրավիրելուն, որովհետև պարզ է, որ նրանք էլ ընդունում են, որ սա ռուսական ազդեցության գոտի է և իրենք այստեղ ռազմական ներկայության առումով անելիք չունեն։ Եվ չեմ էլ կարծում, թե Ադրբեջանը կընդունի այդ առաջարկը։ Այնպես որ, կարծում եմ, այս առաջարկը կմնա օդի մեջ։

-Եթե, այնուամենայնիվ, տեղի ունենան ընտրություններ, երկրորդ փուլի հավանականություն դիտարկո՞ւմ եք։

-Եթե, այնուամենայնիվ, տեղի ունենան, ես կարծում եմ, որ առաջին փուլից հետո կլինեն ներքաղաքական շատ բուռն զարգացումներ և բախումներ և չեմ կարող ասել՝ այդ դեպքում հանգուցալուծումը կլինի ընտրությունների՞ միջոցով, թե այլ ճանապարհով։

 

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ