Մոսկվան բացասական է արձագանքելու ԵՄ-ի միջամտությանը. նա Հայաստանը համարում է իր ազդեցության գոտի

 Մոսկվան բացասական է արձագանքելու ԵՄ-ի միջամտությանը. նա Հայաստանը համարում է իր ազդեցության գոտի

1in.am-ը գրում է.

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է եվրոպագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Անի Եղիազարյանը

Եվրամիությունն արձագանքել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ մասնավորապես նշելով, որ ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկը և պատրաստակամություն հայտնում աջակցել սահմանազատման գործընթացին։ Ինչպե՞ս եք գնահատում այս արձագանքը, հատկապես այն ֆոնին, երբ այս գործընթացի հիմնական դերակատար և Մոսկվան առայժմ լուռ է:

Եվրամիության արձագանքը համարում եմ տեղին՝ գտնելով, որ դա թերևս առավելագույնն է, ինչ կարող է անել ԵՄ-ը այս պահին։

Հայաստանի Հանրապետության տարածքը ՀԱՊԿ պատասխանատվության և ռուս-հայկական ռազմավարական դաշնակցության պատասխանատվության գոտի է, ինչպես նաև պաշտպանվում է միջազգային օրենքներով։ Հետևաբար նորմալ է, որ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունների պարագայում արձագանքում են նաև եվրոպական երկրները։

Սահմանային վերջին զարգացումների հանդեպ Մոսկվայի պահվածքը նույնպես պայմանավորում է միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ առաջարկին ԵՄ-ի կողմից ողջունելը։ Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար կարևոր են նաև նրանով, որ բացի հետխորհրդային երկրներ լինելուց նաև ԵԽ և ԱլԳ անդամ երկրներ են։

Ինչպես Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու, այնպես էլ սահմանազատման գործընթացին աջակցելու հարցում ԵՄ-ի մոտիվացիան ըստ էության նույնն է՝ անձամբ ներգրավվել և այլ խաղացողների ևս ներգրավել տվյալ գործընթացներում՝ ՌԴ-ի միանձնյա դերակատարությանը վերջ դնելու համար։

Ինչ վերաբերում է ընդհանրապես սահմանազատման գործընթացին, ապա մեզ համար, իհարկե, ձեռնտու չէ այսպիսի ծանր ժամանակահատվածում նման գործընթաց սկսել, և պետք է հնարավորինս ձգձգել այդ գործընթացը։ Ակնհայտ է, որ ՌԴ-ն ցանկանում է Ադրբեջանին ներգրավել ոչ միայն ԵԱՏՄ-ի, այլև՝ ՀԱՊԿ-ի շարքերում, մինչդեռ հայտնի է, որ ՀԱՊԿ-ի անդամների միջև պետք է հաստատված լինեն դիվանագիտական հարաբերություններ։ Ուստիև ՌԴ-ն կողմերին շտապեցնում է կատարելու տվյալ ուղղությամբ կարևոր քայլ․ սահմանազատում և սահմանագծում։ Ադրբեջանը ողջունում է դա, նա էլ ունի շտապելու առիթ․ ՀՀ-ում ներքաղաքական անկայուն իրավիճակ է՝ պայմանավորված նաև Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներով։ Ադրբեջանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից՝ ՌԴ-ի օգնությամբ փորձել մեզ պարտադրել և նաև իրականացնել սահմանազատման գործընթաց՝ հօգուտ իրեն։ Սակայն եթե անգամ Ադրբեջանը հասնի նման արդյունքի, ապա չկա որևէ երաշխիք, որ Արբեջանը վերջին հաշվով կհամալրի ՀԱՊԿ-ի շարքերը։

Սահմանային իրավիճակից բացի, Բրյուսելն անդրադարձել է նաև ղարաբաղյան վերջին պատերազմից հետո՝ մինչ օրս չլուծված խնդիրներին և հասցեական կոչ արել Բաքվին․ «Մենք հորդորում ենք անհապաղ ազատ արձակել հայ գերիներին ու ձերբակալվածներին։ Եվրամիությունը նաև պատրաստ է խորհրդատվություն տրամադրել և օգնել սահմանի դելիմիտացիային ու դեմարկացիային, ինչպես նաև աջակցել այնքան անհրաժեշտ` վստահության ամրապնդման միջոցառումներին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ու բարգավաճման հասնելու համար»,-հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Ըստ Ձեզ հնարավո՞ր են այս հարցում կոչերից բացի Եվրամիության կողմից հստակ քայլեր:

Չեմ կարծում, թե ԵՄ-ը կոչերից բացի ավելի առաջ կգնա, հատկապես պատժամիջոցներ կսահմանի Ադրբեջանի նկատմամբ, քանի որ հաշվի է առնում Ադրբեջանի էներգետիկ դերն իր համար (և ոչ միայն)։ Ամեն դեպքում ԵՄ-ը փորձում է իր կոչերով Ադրբեջանին զրկել մի կարևոր լծակից, որի օգնությամբ վերջինս թերևս փորձում է ՀՀ-ին պարտադրել սկսելու սահմանագծման և սահմանազատման գործընթացը։

ԵՄ-ը հայ ռազմագերիների ու պատանդների ազատ արձակման հարցում արդյունքի հասնելու համար պետք է ավելի սերտ աշխատի մասնավորապես ԱՄՆ-ի և միջազգային համապատասխան գերատեսչությունների հետ՝ նրանց միջոցով մեծացնելով ճնշումներն Ադրբեջանի վրա։

Ինչպե՞ս կարձագանքի Եվրամիության ակտիվացմանը Մոսկվան: Մենք տեսանք, որ անմիջապես այն բանից հետո երբ վարչապետը խորհրդրաանում խոսեց ՀԱՊԿ-ի արձագանքի դանդաղկոտության մասին, 6 հայ զինվոր գերեվարվեցին և նորից Ռուսաստանի քար լռության պայմաններում: Արդյոք Ռուսաստանից բացի այլ երկրներ կարող են ռեալ օգնություն ցույց տալ Հայաստանին:

Աքսիոմա է, որ եթե սուբյեկտը չի դիմադրում/հակազդում արտաքին ագրեսիային, ապա նրան ռեալ ոչ մեկ չի օգնում։ Մենք պետք է ինքներս հակազդենք Ադրբեջանի ագրեսիվ քայլերին, որպեսզի մյուսներն էլ, դա տեսնելով, օգնության ձեռք մեկնեն մեզ։ Եթե մենք այս ուղղությամբ ոչինչ չենք անում, դժվար է ռեալ օգնություն ակնկալել մյուսներից, առավելևս բողոքել նրանց պահվածքից։

Միանշանակ է, որ Մոսկվայի արձագանքը ԵՄ-ի միջամտությանը բացասական է լինելու, որովհետև ՌԴ-ն մեր տարածաշրջանը համարում է իր ազդեցության գոտի, չի ցանկանում օտար խաղացողներ տեսնել այս տարածաշրջանի վերջին գործընթացներում։ 2020թ․ նոյեմբերի 9-10-ի և 2021թ․ հունվարի 11-ի եռակողմ փաստաթղթերի ստորագրությունը դրա վկայությունն է։

Այստեղ առավել մեծ ակտիվություն ցուցաբերելու հարցում տեսանելի են երեք երկրներ, որոնք ստեղծված պայմաններում կարող են որոշակի ներդրում ունենալ իրավիճակի կարգավորման հարցում և մեզ համար ապահովել որոշակի դրական արդյունքներ։ Խոսքը ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի մասին է, որոնք, հանդիսանալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ, բավական ակտիվ են այս փուլում և դեռ կարող են ավելի մեծացնել իրենց ջանքերը (իհարկե, դա մեզ համար ունի նաև իր ռիսկային կողմը՝ կապված ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ակտիվացմանը ՌԴ-ի արձագանքի հետ)։

Եվ վերջապես երրորդ երկիրը, որի հետ մենք պետք է լրջորեն աշխատենք և աշխատում ենք, և որը նույնպես կարող է ավելի ակտիվանալ այս հարցում, Իրանն է։ Վերջինս ՌԴ-ի ու Թուրքիայի նման հակված է այն դիրքորոշմանը, որ «տարածաշրջանի հարցերը պետք է լուծեն հենց տարածաշրջանի երկրները, և որ արտատարածաշրջանային երկրներն անելիք չունեն այստեղ»։ Այսինքն՝ Իրանի ակտիվացումը սահմանային այս հարցերում կարող է ավելի ընդունելի ու տրամաբանական համարվել ՌԴ-ի ու անգամ Թուրքիայի կողմից։ Բացի այդ, Իրանի համար բավական մեծ ռիսկեր կան ստեղծված իրավիճակում։ Դրանք կարող են ավելի աճել հետագայում և Իրանին հարկադրել ավելի մեծ ակտիվություն ցուցաբերել մեզ առնչվող հարցերում։ Ի դեպ, դրան կարող է նպաստել նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների որոշակի կարգավորումը և արևմտյան պատժամիջոցների մեղմացումը, որոնք որոշակիորեն ազատ կարձակեն Իրանի ձեռքերը։

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ