Հայաստանի հավաքականի կազմում կան անակնկալներ

 Հայաստանի հավաքականի կազմում կան անակնկալներ

Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ մարտի 25-ին, սկսում է իր ելույթները 2022թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլում: Առաջին մրցակիցը Լիխտենշտեյնի ընտրանին է, որի հետ կմրցենք Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում:

Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես միշտ, ընտրական մրցաշարի առաջին խաղին մոտենում է զգալի կորուստներով։ Վնասվածքների պատճառով խաղը միանշանակ բաց կթողնի Գևորգ Ղազարյանը։ Շվեյցարիա չեն մեկնել Էդուարդ Սպերցյանն ու Էրիկ Սիմոնյանը։ Չնայած դրան, Խոակին Կապառոսը դեռևս ունի խնդրահարույց դիրքեր, որի վերաբերյալ դեռ պետք է մտորի։

Արման Աբելյան

1․ Դարպասապահի հարցում ամեն ինչ կարծես պարզ է․ կխաղա Դավիթ Յուրչենկոն: Այս մրցավեճում 2 եզրային պաշտպաններից էլ գրոհներին միանալու առումով մեծ ակտիվություն կարելի է սպասել: Դա կարող են անել Կամո Հովհաննիսյանը, որը Ղազախստանի նոր առաջնությունը գոլով և գոլային փոխանցումով է սկսել, ինչպես նաև Հովհաննես Համբարձումյանը, որն ավանդաբար շատ լավ է միանում գրոհներին: Վարազդատ Հարոյանը կլինի հիմնական կազմում, իսկ նրա կողքին հավանաբար կտեսնենք Տարոն Ոսկանյան – Անդրե Չալըշըր զույգից որևէ մեկին: «Ալաշկերտի» պաշտպանը հիանալի է հանդես եկել հավաքականում իր վերջին խաղերում, ակումբում ելույթների առումով էլ խնդիր չկա: Երբ դրանց գումարում ենք նաև Հարոյանի հետ համագործակցության բարձր մակարդակը՝ Ոսկանյանի շանսերն ավելի են մեծանում:

2․ 4-2-3-1 կամ թեկուզ 4-4-2 սխեմայի պարագայում մեզ 2 հենակետային պետք կգա: Արտակ Գրիգորյանի՝ մեկնարկային կազմում հայտնվելու առումով կասկածները քիչ են: Վբեյմար Անգուլոն նմանատիպ խաղում մեզ շատ կօգներ, բայց նոր է ապաքինվել վնասվածքից, «Արարատ-Արմենիայի» վերջին հանդիպումներին չի մասնակցել և դուրս է մնացել մրցավեճի հայտացուցակից: Սոլոմոն Իմե Ուդոն ավելի նախընտրելի տարբերակ է այս պահին: Չի բացառվում, որ երկրորդ հենակետայինը լինի շատ ավելի հարձակողական ոճի, օրինակ՝ Խորեն Բայրամյանը: Առհասարակ, հարձակման գծի մեր ֆուտբոլիստների մեծ մասն ունիվերսալ են, կարող են խաղալ 2 եզրերում, կենտրոնում, ինչը կանխատեսում անելն ավելի է դժվարեցնում:

3․ Ո՞վ կլինի Հենրիխ Մխիթարյանի դիրքում: Տարբերակները մի քանիսն են: Օրինակ՝ Լիխտենշտեյնի հավաքականի դեմ նախորդ արտագնա խաղում այդ դերը ստանձնել էր Գևորգ Ղազարյանը։ Բայց նա էլ պատրաստ չէ հանդիպմանը: Ըստ իմ տարբերակի՝ այդտեղ կարող է տեղակայվել Սարգիս Ադամյանը, որը չնայած քիչ է խաղում իր թիմում, բայց մնում է բարձրակարգ առաջնության բարձրակարգ ֆուտբոլիստ: Սխեման կարող է վերածվել 4-4-1-1-ի, և Սարգիսն անհրաժեշտության դեպքում ավելի խորքից խաղա, իսկ գրոհների ավարտական փուլում էլ տեղ զբաղեցնի կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի կողքին: Այդպիսի տարբերակ տեսել ենք Վրաստանի հավաքականի դեմ Ազգերի լիգայի մրցավեճում, թեև պետք է հասկանալ, որ առաջիկա հանդիպումը խաղային այլ խնդիրների լուծում է պահանջում:

4․ Տիգրան Բարսեղյանը, որը հավաքականում իր 6 գոլերից 3-ը խփել է Լիխտենշտեյնի ընտրանու դարպասը, նույնպես կլինի մեկնարկային կազմում: Իսկ ձախից կարող է գործել Խորեն Բայրամյանը: Բայց դա պայմանական դիրք կլինի: Հաշվի առնելով, որ հավանաբար ստիպված կլինենք ավելի շատ տիրել գնդակին, Բայրամյանը հաճախ կտեղաշարժվի կենտրոն ու փաստացի կդառնա կենտրոնական կիսապաշտպան՝ եզրից գրոհին միանալու հնարավորություն տալով ձախ եզրային պաշտպանին: Իսկ Վահան Բիչախչյանի, Էդգար Բաբայանի կամ Ժիրայր Շաղոյանի նման երիտասարդ ու արագ ֆուտբոլիստները կարող են անհրաժեշտության դեպքում երկրորդ կեսում թարմություն հաղորդել հարձակման գծին: Թեև նրանցից ցանկացածի՝ հիմնական կազմում հայտնվելն էլ ոչ մի դեպքում անակնկալ չի լինի:

Ռոբերտ Գասպարյան

1. Հենց առաջին գծում իսպանացի մասնագետն ունի մտածելու առիթ։ Հայաստանի անձնագիր ստացած ու Հայաստան տեղափոխված Դավիդ Յուրչենկոն մշտական պրակտիկա չունի։ «Ալաշկերտում» նա պարբերաբար զիջում է դիրքը Օգնեն Չանչարևիչին։ Բայց այնպես չէ, որ մյուս տարբերակներն ավելի ձեռնտու են։ Բեգլարյան-Այվազով զույգը նույն հնարքը կիրառում է «Ուրարտուի» կազմում։ Այնուամենայնիվ, Կապառոսն ընտրությունը կկատարի հօգուտ ավելի փորձառու Յուրչենկոյի։

Պաշտպանական օղակում Կապառոսը ունի տարբերակներ։ Ընդ որում՝ բավական հավասարազոր։ Խաղային պրակտիկայի պակաս ունեցող Անդրե Չալըշըրի փոխարեն Կապառոսը կարող է հանգիստ վստահել Տարոն Ոսկանյանին։ Հարոյանի տեղն անձեռնմխելի է։ Կամո Հովհաննիսյանը արտերկրում խաղալու տարիներին բազմիցս ապացուցել է իր բազմաֆունկցիոնալությունը. նա հաջողությամբ խաղում է պաշտպանության ցանկացած եզրում, այնպես էլ միջին գծում։ Հովհաննես Համբարձումյանը գերազանց է զգում իրեն աջ թևում։ Կամո-Հովհաննես զույգի ալտերնատիվ միակ տարբերակը մնում է Սերոբ Գրիգորյանը։ Բայց «փորձված թանն անփորձ մածունից» լավ է։

2. Վաղուց ենք սովորել, որ Արտակ Գրիգորյանը հավաքականի միջին գծում մրցակցությունից դուրս է։ Այն, թե ով կլինի նրա թիմակիցը՝ հարց է։ Հիմնական տարբերակը Վբեյմարի վնասվածքից հետո, իհարկե, Սոլոմոն Իմե Ուդոն է։ Մեր հավաքականի ֆուտբոլիստը Կարագանդայի «Շախտյորում» 2 լիարժեք հանդիպում է անցկացրել։ Բայց իմ տարբերակով կենտրոնում խաղալու ավելի մեծ շանս ունի Կարեն Մուրադյանը, քանի որ «Արարատում» գյումրեցին խաղում է ավելի վստահ, քան Ուդոն՝ Ղազախստանում։ Բացի դրանից, Մուրադյանն այս պահին ավելի մեծ խաղային փորձ ունի։

3. Հարձակման գծի ֆուտբոլիստների շարքում ևս կան անձեռնմխելի ու «ձեռնմխելի» խաղացողներ։ Հիմնական հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ու աջ եզրային Տիգրան Բարսեղյանը միանշանակ կխաղան առաջին րոպեներից։ Բաց է ձախ եզրայինի ու ենթահարձակվողի դիրքը։ Հենրիխ Մխիթարյանի ու Արշակ Կորյանի բացակայությամբ պետք է, որ Վահան Բիչախչյանը լինի մեկնարկային կազմում։ Ենթադրելի տարբերակ է, որ ձախից կգործի Խորեն Բայրամյանը։ Թույլ շանս ունի մեկնարկում դուրս գալու նաև Էդգար Բաբայանը, սակայն խաղային պրակտիկայի քչությունը նվազեցնում է այդ հնարավորությունը։

www.vnews.am

Facebook Comments

ԱՅԼ ԼՈՒՐԵՐ